ԱՐՑԱԽԸ ՀԶՈՐ Է ԻՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ
12.09.2017 18:14

Իրանում 4 տարի առաջ մի խումբ հայրենասերների կողմից նախաձեռնվեց ու կազմակերպվեց §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպությունը՝ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է օժանդակել, սատարել գյուղացուն, արհեստագործին, բանվորին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ նրանց արտադրանքը վաճառելու,  գումարը տիրոջը փոխանցելու, իսկ գոյացած հասույթով բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։

Օրերս կազմակերպության պատասխանատուները՝ հերթական բարեգործական ծրագրով մեր շրջանի Ուղտասարի համայնքում էին։ Հյուրերին ուղեկցում էին Աժ Դաշնակցություն խմբակցության անդամներ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանն ու Ռիտա Մնացականյանը։ Հանդիպմանը մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ուղտասարցիներ։

Ողջունելով ուղտասարցիներին Ալյոշա Գաբրիելյանը նշեց, որ սեպտեմբերը կարևոր իրադարձություններով հարուստ ամիս է ոչ միայն մեր պետության, այլև Հայ օգնության միություն (ՀՕՄ) բարեգործական կազմակերպության համար։

-Ինչպես գիտենք սեպտեմբերի 6-ին մայրաքաղաք Ստեփանակերտում՝ վերակառուցումից հետո մեծ հանդիսավորությամբ բացվեց Սոսե մանկապարտեզը, իսկ այսօր մենք Ուղտասարում ենք՝ հերթական բարեգործական ծրագրին ակատանես լինելու համար։ Նման նախաձեռնությունները միմիայն ողջունել կարելի է, քանզի աշխարհասփյուռ հայերը միավորվելով բարեգործական տարբեր ծրագրերի շուրջ, իրենց բարի գործն են կատարում Հայրենիքում։ Այսօր շենացող Ուղտասարում §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպույթունն իր հերթական ծրագրին է իրականացնում։

Կազմակերպությունը համայնքի բնակիչ Կարո Հովսեփյանի ընտանիքին նվիրաբերեց միրգ չորացնելու սարք` գյուղում չրեղենի արտադրությանը զարկ տալու համար։ Նման ծրագրերն Արցախում մանր բիզնեսը զարգացնելու նպատակ են հետապնդում նաև։

-Չորս տարուց ավելի է, ինչ մեր կազմակերպությունը բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Ու պատահական չէ, որ մեր հերթական ծրագիրն իրականացվում է ազատագրված մեր պապենական հողերի վրա։ Այդ հողերի համար շատ թանկ գին ենք վճարել, իսկ դրանց վրա ամուր ու անսասան կանգնելը, մեր երեխաների բարեկեցիկ ապագան ստեղծելը բոլորիս պարտքն է,- ասաց §Թևանիկ¦ բարեգործական խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը։

Ինչպես նշեց Իվետ Դանիելյանը, §Թևանիկ¦ խումբն Իրանից 2014-ին Արցախ այցելելով սկսեց բարեգործական ծրագրերով հանդես գալ։ Սկզբնական շրջանում հիմնականում հագուստ և խաղալիքներ էին տրամադրում սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու մանկապարտեզներին։ Այս ամենը համակարգվում էր Հայ օգնության միության միջոցով։ Իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ընկերությունն իր ծրագրերի շրջանական ընդլայնեց։ Ծրագրի նպատակն է օժանդակել, աջակցել սոցիալապես առավել խոցելի խավին, ինչպես նաև մանր բիզնեսի զարգացմանը, ծանոթացնել տարածաշրջանի շուկայի պահանջարկին։ Հայ օգնության միության միջոցով կազմակերպվեցին նաև ձեռքի աշխատանքի դասընթացներ՝ 60 հոգու համար, որը շարունակական բնույթ է կրելու։

-Քանի որ հիմա շուկայում մեծ պահանջարկ ունի շերտավոր չրեղենը, ուստի մենք նպատակահարմար գտան Ուղտասարում ներդնել չրեղենի սարք, որը կկարողանա շուկային համապատասխան արտադրանք տալ, ինչու չէ նաև աշխատատեղեր ստեղծել, և հարակից բնակավայրերի բնակիչներից կատարել մրգերի մթերումներ,- ասում է Իվետ Դանիելյանը։

Խմբի անդամ Բորիս Ղուկասյանն, ով արցախյան ազատամարտի տարիներին ինքնապաշտպանական ջոկատների կազմում, այնուհետև պաշտպանության բանակի շարքերում իր պարտքն է կատարել Հայրենիքի հանդեպ, այսօր այլ առաքելությամբ էր Ուղտասարում.

- Բազմաթիվ փորձություններով անցնելով, մեր ժողովուրդը նաև պարտադրված պատերազմ ապրեց։ Ու այսօր ես հպարտ եմ, որ հայ եմ, ու պատիվ ունեմ ասելու, որ ես էլ իմ լուման եմ ներդել մեր պապենական հողերը թշնամուց ազատագրելու համար։ Մենք ունենք հզոր բանակ, որն այսօր կարողանում է իրավիճակը վերահսկել, ու այսօրվա մեր գերխնդիրը տնտեսությունը զարգացնելն է։ Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք մեր հերոսական ժողովրդի կարիքները հոգալու, ինքնաբավ դարձնելու համար,- ասաց Բ. Ղուկասյանը դրվատանքի խոսքեր ուղղելով ուղտասարցիներին՝ միաժամանակ խոստանալով, որ նրանք միշտ արցախցիների կողքին են լինելու։

Դաշնակցություն խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանն անդրադառնալով §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպության գործունեությանը հպարտությամբ նշեց, որ հայը որտեղ էլ որ ապրելիս լինի, նա իր սրտում միշտ կրում է իր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։ Նա մեջբերելով Պերճ Զեյթունցյանի խոսքերը՝ եթե ուզում ես թշնամուցդ վրեժ լուծել, նրա քթի տակ պետք է կառուցես այնպիսի հզոր երկիր, որտեղից ոչ ոք չուզենա հեռանալ, միաժամանակ հպարտությամբ շեշտեց, որ Արցախը հզոր է իր սփյուռքահայ բարեկամներով, իսկ թևանիկցիները հույս ու հավատ ներշնչողները դարձան վաղվա բարեկեցիկ ապագայի հանդեպ։

Ուղտասարի համայնքում այս օրերին դպրոցական նոր շենքի շինարարության աշխատանքներ են ընթանում։ Բավականին երիտասարդ համայնքում քիչ չեն հիմնախնդիրները, որոնք աստիճանաբար իրենց լուծումներն են ստանում։ Արցախի կառավարության և շրջանի ղեկավարության ուշադրությունը սևեռված է զարգացում ապրող համայնքի խնդիրների վրա։ Համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանն իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ ուղտասարցիներին մեկ քայլ ևս առաջ մղելու համար։

Ուղտասարցի Կարո Հովսեփյանը, ով ծրագրի շահառուն է, գյուղի առաջին վերաբնակիչներից է, ում երազանքն իրականություն դարձրեց §Թևանիկ¦  բարեգործական կազմակերպությունը։

-Տաս տարուց ավելի է, ինչ բնակվում եմ Ուղտասարում։ Զբաղվում եմ հիմնականում հողագործությամբ և միշտ էլ միտք է եղել մրգի չորանոց ձեռքբերել։ Սակայն բավարար միջոցներ չունենալու պատճառով միշտ էլ այն հետաձգվել է։ Իմ ընտանիքին չորանոցի տրամադրմամբ ամբողջությամբ կլուծվի ընտանիքի զբաղվածության հարցը, ինչպես նաև կստեղծվի լրացուցիչ 5-6 աշխատատեղ։ Այն նաև հնարավորություն կտա հարակից բնակավայրերի բնակիչների արտադրանքն իրացնելու համար,- ասում է Կարո Հովսեփյանը, շնորհակալություն և երախտիգիտություն հայտնելով թևանիկցիներին, միաժամանակ նշելով, որ համայնքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են բոլոր տեսակի մրգեր աճեցնելու համար և հումքի պակաս չեն ունենալու։

Մրգեղեն չորացնելու սարքը 5-8 ժամվա ընթացքում 250 կգ արտադրանք տալու հնարավորություն ունի։ Լիարժեք օգտագործելու պարագայում հնարավոր կլինի օրական ստանալ շուրջ 1 տոննա պատրաստի արտադրանք։ Այն միջազգային չափորոշիչներին համապատասխան փաթեթավորվելու է։ Իսկ մթերված արտադրանքի սպառման հարցում արտադրողը խնդիր չի ունենալու։ Կազմակերպությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում արտադրանքի արտահանման և իրացման խնդիրը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ