ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ
08.09.2017 13:02

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կրկին ղողանջեց դպրոցական առաջին զանգը՝ իր կամարների տակ ընդունելով հազարավոր դպրոցականների, ովքեր անհամբերությամբ էին սպասում նոր ուսումնականին։

Գիտելիքի և դպրության օրն առանձնակի շուքով է նշվում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հանդիսավոր տողանը, որին ներկա էին

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի հոգևոր առաջնորդ Ներսես քահանա Ասրյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ՝ սկսվեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով։

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը։ Նա առանձնակի ջերմությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին և հույս հայտնեց, որ տոնական խանդավառությունը նրանց կուղեկցի ուսումնառության ողջ տարիներին։ Գ. Հայրիյանը կոչ արեց դպրոցականներին կրթության բոլոր աստիճաններում լինեն ակտիվ, աշխատասեր, վաղվա օրվան հանդեպ՝ լավատես, վստահ ու համարձակ, և ամենակարևորը՝ սիրեն Հայրենիքը։

Գիտելիքի և Արցախի Հանրապետության պետական անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ բարեմաղթանքներ ասաց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը։

-Հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդը միշտ աչքի լույսի պես է պահել իր գոյության երկու կարևոր կռվանները՝ գիրն ու հավատը։ Այսօր էլ գիտելիքն ու կրթությունը ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու ամենակարևրո նախապայմաններից են։ Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշ է, խավարի դեմ պայքարելու զենքը,- ասաց Մ. Ավանեսյանը։

Դպրոցի տնօրենը շնորհավորելով աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներին՝ մաղթեց բազմաթիվ հաջողություններով և բեռքբերումներով լի ուսումնական տարի։ Առանձնահատուկ ջերմությամբ  նա ողջունեց առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի շեմին՝ ցանկանալով, որպեսզի ուսումնառության տարիները նրանց համար լինեն հարուստ և բովանդակալից։

-Կյանքում կա մենաշնորհ, որ միայն ուսուցչին է տրված. Ապրել ամենքի հետ, ամենքի համար, հասկանալ սերունդների հոգին, ուղենիշ դառնալ նրանց համար։ Եկեք յուրաքանչյուրս դպրոց, դասարան  մտնենք որպես զինվոր և զորավար՝ մատաղ սերնդին ներարկելով հայրենասիրություն, հայրենապաշտություն և հայրենապահպանություն։ Քանզի մեր հանրապետության ամենանվիրական տոներից մեկի՝ Արցախի Հանրապետություն պետական անկախության հռչակման նախօրեին է մեկնարկում նոր ուսումնական տարին։ Անկախությունը մեր ժողովրդի ամենաթանկ նվաճումն է, որը ձեռք է բերվել մեր միասնականության շնորհիվ։ Ուստի բոլորս պարտավոր ենք այն պահպանել ու պաշտպանել։ Ուստի վաղվա համար արժանի հերթափոխ կրթելով ու դաստիրարակելով մենք ամրապնդում են այդ նվաճումը,- ասաց Մ. Ավանեսյանը։

Հանդիսատեսի բարձր ծափողջույններով դիմավորեցին առաջին դասարանցներն իրենց առաջին ուսուցչուհիների՝ Զարինե Հարությունյանի և Նինել Աղաջանյանի ուղեկցությամբ։ Առաջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց 12-րդ դասարանցի Սամվել Ավանեսյանին և 1-ին դասարանցի Անահիտ Գաբրիելյանին։

Ասկերանի շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանը շնորհավորելով բոլորին նոր ուսումնական և Արցախի Հանրապետության պետական անկախության հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ կարևորեց դպրոցի դերն ու նշանակությունը Հայրենքին նվիրյալ զավակներ դաստիարակելու վեհ գործում։

- Ասկերանի Էդմոն Բսարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը մեծ հաջողություններ է գրանցել 2016-17 ուսումնական տարում։ Այն միշտ եղել և մնում է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրնում,- ասաց Կ. Մայիլյանը։

Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նոր ուսումնականի և 2016-17 ուսումնական տարում գրանցած հաջողությունների համար դպրոցին նվիրեց խորհրդանշական նվեր։

2016-17 ուսումնական տարին շատ հագեցած է եղել։ Դպրոցի աշակերտները մասնակցել են ինչպես շրջանային, այնպես էլ հանրապետական բազմապիսի մրցույթ-առաջնությունների, օլիմպիադաների՝ գրավելով մրցանակային տեղեր։ Դպրոցն ունի 41 գերազանցիկ աշակերտ, ովքեր դպրոցի տնօրենի ձեռքից ստացան գովասանագրեր՝ 2016-17 ուսումնական տարվա գերազանց առաջադիմության և լավ վարքի համար։ Գովասանագրեր և պատվոգրեր ստացան նաև մարզաշխարհում  առաջնակարգ տեղեր զբաղեցրած աշակերտները։

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ուսուցիչներին և աշակերտների բարեմաղթանքի խոսք ասաց Ասկերանի շրջանի հոգևոր առաջնորդ Ներսես քահանա Ասրյանը։  Առ Աստված աղոթքով նա մաղթեց հաջողություններով առատ և արգասավոր նոր ուսումնական տարի, անսպառ եռանդ և կորով մանկավարժներին և պայծառ միտք ու ջանադիր աշխատասիրություն սովորողներին։

Ելույթներն ընդհատվում էին դպրոցականների հայրենասիրական երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով։

Մինչ առաջին դասարանցիները դպրոցական նստարաններին էին փորձում ու ծանոթանում առաջին ուսուցչուհու հետ՝ բարձր դասարաններում անցկացվեցին արիության դասեր։

Ամառային անհոգ ու զվարճալի օրերն անցան ակնթարթորեն։ Կարծում ենք դպրոցականներն արդեն իսկ լի են ուժ ու կորովով՝ նոր ուսումնականի բոլոր դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ։ Իսկ մեր մաղթանքը եղել և մնում է նույնը՝ խաղաղություն Արցախին, աշխարհին ու ամենքին, թող մեր մանուկները սովորեն, արարեն, ստեղծագործեն միմիայն խաղաղության պայմաններում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ