ԵՐԲ ՀՈՂԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳԻՆ
29.08.2017 15:08

Անկասկած կան մարդիկ, ովքեր աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ։  Յուրի Արամյանը մեր հանրությանը հայտնի է որպես բանիմաց գյուղատնտես, ով իր ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Պատահական չէ, որ նրա անունն ուղիղ կապ ունի գյուղատնտեսության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հողի աշխատավոր, հողագործ։

Ծնվել է 1937 թվականի օգոստոսի 24-ին, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում։ Ավարտել է Քյաթուկի 8-ամյա դպրոցը, ապա Նախիջևանիկ, Խանաբադ, որտեղ էլ

ավարտել է միջնակարգը։ 1962 թվականին ավարտել է Երևանի զոո-անասնաբուժական ինստիտուտը։ Ապա որպես զոոտեխնիկ աշխատել Խանաբադ գյուղում, ապա շրջգյուղվարչությունում։ Աշխատանքին զուգահեռ ստացել է երկրորդ՝ տնտեսագետի մասնագիտությունը։ Բացի դրանցի նա զբաղվում էր ինքնուսուցմամբ։ Եղել է Աստղաշենի (Դաշբուլաղի) կոլտնտեսության վարչության նախագահ։ 1988-ին Ասկերանի շրջանի գյուղատնտեսության վարչության պետի տեղակալն էր, իսկ 1990 թվականից նշանակվել է շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև վաստակած թոշակի անցնելը։ Շրջանի գյուղատնտեսության բնագավառում կատարած ներդրումների, ունեցած մեծ ավանդի ու երկարատև աշխատանքային գործունեության համար արժանացել է ԼՂՀ նախագահի ՙԱնանիա Շիրակացի՚ շքանշանի, ԼՂՀ վարչապետի հուշամեդալի, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ՙՈսկե մեդալ՚-ի և բազմաթիվ պատվոգրերի ու գովասանագրերի:

Գյուղատնտեսության բնագավառում ունեցած ավանդի ու  80-ամյակի կապակցությամբ Յուրի Արամյանն արժանացել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պատվոգրի:

Ականատես լինելով նրա՝ հողի հետ աշխատանքին կարող է թվալ, թե նա խոսում է հողի յուրաքանչյուր հատիկի հետ։ Ինքն էլ գտնում է, որ աշխատասիրության մեջ է հաջողության գաղտնիքը, առավել ևս երբ խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը։ Տարիներ շարունակ աշխատելով հասարակության բոլոր տեսակի պահանջարկներն ապահովող պատասխանատու ոլոտումª կարողացել է պահպանել մարդկային հատկանիշներից կարևորագույնը՝ ազնվությունը, գթասրտությունն ու սրտացավությունը, ամբողջովին յուրացնելով մարդ լինելու եւ մնալու դժվարին արվեստը։ Չէ որ գյուղատնտեսությունն էլ յուրովի արվեստ է՝ մի՝ ամբողջ ժողովուրդ կերակրելու արվեստ։

Արցախյան ընտանիքները հայտնի են իրենց ավանդապաշտությամբ։ Ու ներկա սերնդի համար ուսանելի պիտի լինեն իրենց վարք ու բարքով, կենցաղավարությամբ, նիստ ու կացով։ Ամուսիններ Յուրի Արամյանն ու Ռոմելա Մոսյանը չնայած մասնագիտությամբ տարբեր մարդիկ են, սակայն կյանքին նայում են միևնույն ուղղությամբ։ Հայկական ավանդական այս ընտանիքում ծնվել ու դաստիարակվել է 3 աղջիկ և մեկ տղա։ Զավակներին տալով բարձրագույն ուսում՝ նրանք առաջնահերթ էին համարում հայրենասիրական դաստիարակությունը։ Ու բոլորովին զարմանալի չէր նրանց համար, երբ մի օր իրենց միակ որդուն՝ Հովիկ Արամյանին տեսան ինքնաձիգը ձեռքին։ Նա մեկն է այն քաջածիններից, ով կյանքը չխնայեց Հայրենիքի ազատության ու անկախության ճանապարհին։ Կիսատ թողնելով ուսումը համալսարանում՝ Հովիկն անվերապահորեն միացել է Հայրենիքի պաշտպաններին։ Նրա մարտական ուղին ձգվել է մինչև  Լաչին և Մարտակերտ։ Զոհվել է 1993 թվականի մարտի 28-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Սակայն որդեկորույս ծնողներն ուժ գտան իրենց մեջ հաղթահարելու ճակատագրի ամենադաժան փորձությանն ու այսօր էլ շարունակում են համեստ ապրելակերպով իրենց նպաստը բերել Հայրենիքին։

Յուրի Արամյանի ծննդյան 80-ամյակը ևս մեկ պատեհ առիթ էր շրջանի պատասխանատուների ու գործընկերների համար նրա ավանդն ու կատարած անխոնջ աշխատանքը շրջանի և հանրապետության գյուղատնտեսության ոլորտում մեկ անգամ ևս գնահատելու, արժևորելու համար։

Յուրի Արամյանի մասին հպարտության վեհ զգացումներով է արտահայտվում մի մարդ, ով իր ամբողջ էությամբ նվիրված է եղել ու մնում Արցախ աշխարհին, ով իր հեռատես ու հայրենապահպան գործելաոճով մեծ նպաստ է բերել հայրենիքին։ Խոսքս Արշավիր Գալստյանի մասին է, ով ժամանակի հրամայականով կարողացել է Նոր Նորագյուղը որպես պատնեշ կանգնեցնել Խոջալուի դիմաց։

-Երբ ես Խանաբադի միջնակարգ դպրոցի տնօրենն էի (1954թ.) Արամյանը սովորում էր ավարտական դասարաններում։ Դեռևս դպրոցական նստարանին երևում էին նրա՝ որպես ապագա գյուղատնտեսի ունակությունները։ Հետագայում ստանալով բարձրագույն կրթություն՝ աշխատանքի է անցել Խանաբադի կոլտնտեսության արտադրության տարբեր ճյուղերում։ Նա դեռևս խորհրդային տարիներին  քյաթուկցիներին յուրահատուկ աշխատասիրությամբ ու հողի նկատմամբ առանձնահատուկ սիրով, զբաղվում էր հողագործությամբ՝ այդպիսով օրինակ ծառայելով շատ-շատերի համար։ Յուրի Արամյանի ներդրումը մեծ է նաև շրջանի արտադրական վարչության գործունեության տարիներին, որտեղ երկար տարիներ ղեկավար պաշտոնում աշխատելուց հետո անցել է վաստակած թոշակի։ Սակայն թոշակի անցնելուց հետո նա շարունակել է առավել մեծ ակտիվությամբ զբաղվել հողագործությամբ, որի շնորհիվ էլ կարողացել է ապացուցել, որ հողի հետ ճիշտ վարվելու դեպքում կարելի է բարեկեցիկ կյանք ստեղծել  հայրենիքում, այլ ոչ թե բախտ որոնել օտար ափերում։ Իրեն յուրահատուկ աշխատասիրությամբ նա աշխատասիրություն է քարոզում նաև։ Իրոք, մեծ է Արամյանի ներդրումը Արցախի գյուղատնտեսության բնագավառում, ինչն արժանի է բարձր գնահատանքի։

Վանիկ Ասլանյան՝ Ասկերանի շրջկոմի նախկին քարտուղար.

-1974թ. Շրջանի ղեկավարության երաշխավորությամբ Յուրի Արամյանը նշանակվել է Ստեփանակերտի շրջանի գլխավոր զոոտեխնիկ։ Հետագայում, երբ կազմավորվել Ասկերանի շրջանը, նա նշանակվեց շրջանի գլխավոր անասնաբույժ։ Նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի նորակառույց շրջանի անասնաբուծությունն ու անասնապահությունը վերելք ապրի։ Յուրի Արամյանը միշտ քայլել է ժամանակին համընթաց։ Որտեղ էլ աշխատել է, իր աշխատանքը կատարել է բարեխղճությամբ։ Նա գյուղատնտեսության մեծ գիտակ է ու իր աշխատասիրության ու համառության շնորհիվ պարբերաբար կարողանում է զարգացնել։ Հպարտ ենք, որ նման ընկեր ունենք, հասարակ, աշխատասեր, ընկերասեր, հյուրասեր, այն ամենը, ինչը խտացած է իսկական ղարաբաղցու մեջ։ Հաճախ ենք ընկերներով հանդպում, ինչը մեզ համար յուրօրինակ տոն է։

Ասկերանի շրջկոմի բաժնի նախկին վարիչ, Արցախյան շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն անդրադառնելով Յուրի Արամյանի մարդկային արժանիքներին նշեց, որ նա իրենց տոհմի՝ հայտնի բարեգործներ Արամյանների ավանդույթների շարունակողը հանդիսացավ։ Նա ազնիվ է, ուշադիր ընկերների և շրջապատի հանդեպ։

-Ինձ համար առավել ուրախալի է, որ ընկեր Արամյանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին շատ ճիշտ կողմնորոշվեց։ Նա այն ղեկավարներից էր, ով մասնակցել էր Նորագյուղի գաղտնի ժողովին, դրանից հետո միջոցներ է ձեռնակել, որպեսզի մեր Հայրենիքը կարողանանք փրկենք վերջնական կործանումից,- ասաց Ս. Առուշանյանը։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը երկար տարիներ է, ինչ ճանաչում է Յուրի Արամյանին, որպես իր գործին գիտակ ու արցախյան հող ու ջրին նվիրյալ մարդու.

-Շուրջ 30 տարի է, ինչ ճանաչում եմ Յուրի Արամյանին։ Իսկ այսօր նրա ծննդյան 80-ամյակն է։ Թերևս դժվար է խոսել մի մարդու մասին, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է իր երկրին, հայրենիքին, ժողովրդին, ընտանիքին ու երբեք չի սպասել որևէ գնահատանքի։ Նմանատիպ մարդիկ իմ կյանքում հազվադեպ են հանդիպել։ Մարդ,ով անցել է քարքարոտ ճանապարհ,  հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և ոչ մի անգամ չի տրտնջացել։  Ողջ գիտակցական կյանքը նվիրել է իր երկրին ու ժողովրդին և մինչ օրս էլ աշխատում, արարում է իր երկիրը շենացնելու, իր ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար։ Ցանկանում եմ նրան քաջառողջություն, երկար տարիների անհոգ կյանք։

2001թ. մայիսի 1-ից անցելով կենսաթոշակի Յուրի Արամյանը, ով դեռևս առլեցուն էր աշխատասիրությամբ, իր հողամասում սկսեց զբաղվել թթենու և արքայանարնջի տնկիներ աճեցնելու ուղղությամբ։ Մեր զրույցի ընթացքում նա հաճախ էր մեջբերում Համո Սահյանի և Թումանյանի ստեղծագործություններից, որոնք վերաբերում էին  աշխատասիրությանը, հողագործությանը և այն մեծ բերկրանքին, որը ստանում է հողի աշխատավորն աշխատելու ընթացքում։ Իսկ զրույցն ավարտեց մեծն լոռեցու հետևյալ քառատողով՝

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար։

Երնե՛կ նրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ