ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14.08.2017 16:04

  Ամռան ամիսներին  դպրոցականների հանգիստն ու առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար կազմակերպվում են ամառային ճամբարներ ինչպես Արցախի այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Ալլահվերդյանը տեղեկացրեց, որ ամռան ընթացքում Ասկերանի շրջանի 60 դպրոցական հնարավորություն ունեցավ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված պատանի երկրապահ ճամբարին։  Պատանի երկրապահների ճամբարում երեխաները մեծ բավականություն ստացան, անցկացվեցին մարզական մրցումներ և մշակութային միջոցառումներ։ Ինչպես նշեցին երեխաները, նրանք ճամբարական 7 օրվա ընթացքում ոչ միայն հասցրել են ծանոթանալ ու ընկերանալ, այլև վերադարձել են այնտեղից տպավորիչ հուշերով։

Շրջանի 15 աշակերտ §Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում¦ ամենամյա ծրագրով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հայաստանի Հանրապետության Հանքավանի §Լուսաբաց ճամբարում¦,  Արցախի Հանրապետության §Հայկի սերունդ¦ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված §Հայորդիներ¦ սկաուտական ճամբարին մասնակցել է 15 աշակերտ՝ երեք հերթափոխով։

Թերևս շրջանի պատանիները մեծ ոգևորությամբ են մասնակցում կազմակերպվող ռազմամարզական ճամբարներին, որն արդեն ավանդույթ է դարձել։ Այս տարի ևս այն կազմակերպվեց Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարածքում՝ հանրապետության բարձր դասարանցիների մասնակցությամբ։ Մեր շրջանից ճամբարին մասնակցել է 60 աշակերտ՝ 4 զինղեկի գլխավորությամբ։ Ճամբարի հիմնական գաղափարախոսությունը մատաղ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակություն տալն ու պաշտպանության բանակի ապագա զինվորական ծառայությանը նախապատրաստելն է։

Սկսած 2009 թվականից Հայ հեղափոխական Դաշնակցության  Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություններից տասնյակ երիտասարդներ պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով այցելում են Արցախ եւ տարբեր բնակավայրերում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ կազմակերպում: Այս ամառ Ասկերանում կազմակերպված պատանեկան ամառային ճամբարին մասնակցում էր Ասկերանի և հարակից բնակավայրերի շուրջ 200 երեխա:

Բազմաթիվ պատանիներ ամեն ամառ անհամբեր սպասում են իրենց բարերարներին, ովքեր պատանիների շրջանում ամառային հանգստը բազմաբովանդակ կազմակերպելով՝ մատաղ սերնդին ավելի են մոտեցնում հայոց պատմությանը, անում այն ամենը,  որպեսզի վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու  հայրենասեր լինի:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ