ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
10.08.2017 14:57

Արխիվները կարելի է համարել մարդկության հիշողության կենտրոններ, քանզի նրանցում կենտրոնացված են անգնահատելի նյութեր, որոնք արտացոլում են երևույթների առաջընթացը։Հարկ է նշել, որ փաստաթղթի պահպանման խնդիրն առաջ է եկել հենց փաստաթղթի առաջացման ժամանակաշրջանից: Այլ կերպ ասած առաջին արխիվները ստեղծվել են գրի առաջանալու հետ մեկտեղ:

Ինչպես նշեց Ասկերանի արխիվային տարածքային ներկայացուցիչ Էլոնա Ապրեսյանը շրջանային արխիվը կոչված է իրականացնեուլ շրջանի պետական կառույցներում առաջացած փաստաթղթային նյութերի ապահով պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը։  2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում հանրապետության քաղաքացիներից ընդունվել է 82 դիմում, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

34-ով։ Ընդհանուր առմամբ տրամադրված տեղեկանքների դիմաց գանձված գումարը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 303500 դրամ։ Ընդունվել է Ասկերանի հարկային տեսչության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի նոր ֆոնդ՝ 998 պահպանման միավորով և կատարվել փաստաթղթերի ֆոնդավորում։ Ֆոնդավորումը ներառում է հաջորդաբար իրականացվող երեք աշխատանքային փուլ. արխիվային ֆոնդի ինքնուրույնության որոշում, ժամանակագրական սահմանների որոշում, փաստաթղթերի ֆոնդային պատկանելության որոշում:Ապա սահմանվում են հասարակության բնականոն զարգացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահպանության ժամկետները։ Ոչնչացման համար առանձնացվում են պահպանության ժամկետը լրացած, ինչպես նաև ոչ պիտանի փաստաթղթերը, ճշտվում է փաստաթղթային համալիրների լրիվության աստիճանը։

Հաշվետու ժամանակահատվածում արխիվային տարածքային ներկայացուցչություն է ընդունվել  9 հարցում, որից 5-ը Ռուսաստանի Դաշնությունից։ Տիկին Ապրեսյանի խոսքերով մուտք գործած հարցումներին աշխատում են հնարավորինս կարճ ժամկետներում դրական պատասխան տալ։ Չնայած լինում են դեպքեր, երբ օրենքով սահմանված կարգով մերժվում է տեղեկատվության տրամադրումը:  Փաստաթղթի իսկությանը համարժեք կարևոր Է նաև փաստաթղթի իրավաբանական ուժի չափանիշը:

Ամեն տարի Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում կազմակերպվում է սեմինար-խորհրդակցություն՝ ՙՓաստաթղթերի նախապատրաստումը արխիվային պահպանության համար՚ թեմայով։ Այս տարի ևս բացառություն չէր։ Մարտ ամսում կազմակերպվել է նման սեմինար, որի ընթացքում տրվել են մի շարք պարզաբանումներ՝ արխիվային փաստաթղթերի ընդունման և պահպանման  ուղղությամբ։

Հարկ է նշել, որ այս ամենին զուգահեռ փաստաթղթերի պահպանության ֆոնդում պարբերաբար կատարվում են փոշեմաքրման աշխատանքներ£ Է. Ապրեսյանի խոսքերով, առաջիկայում ևս կաշխատեն՝ ամեն ինչ հանուն մեր հանրապետության և շրջանի բնակիչների շահերի կարգախոսով։

Անահիտ Պետրոսյան