35 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒԶԻՉ ԵՎ ՍՐՏԱՌՈՒՉ ԷՐ
28.07.2017 10:10

Այս կյանքում կան այնպիսի հուշեր, որոնք լուսավոր հետքեր թողնելով քո սրտում՝ ավելի են գեղեցկացնում ու հեշտացնում քո կյանքը: Առանձնապես պայծառ են դպրոցականի տարիների հիշողությունները, որոնք ինքնին քեզ բերում են դեպի քո հարազատ դպրոցը, սիրելի ուսուցիչներն ու ընկերները: Հենց այդ կարոտն ու սերն էլ ստիպեցին, որպեսզի 35 տարի հետո հանդիպեին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 1981-1982 ուսումնական տարվա շրջանավարտները: Այդ տարիներին դպրոցը մարզի լավագույն դպրոցներից մեկն էր հանդիսանում, որը ղեկավարում էր վաստակաշատ ու շնորհաշատ տնօրեն Մանյա Ղուլյանը, իսկ դասավանդում էին հմուտ և նվիրված մանկավարժներ: Ուսուցիչներ, ովքեր անխոնջ նվիրվելով իրենց պատվաբեր աշխատանքին, ջանք ու եռանդ չէին խնայում աշակերտին տալու որակյալ ուսում, հայեցի դաստիարակություն և ամենակարևորը՝ սովորեցնում էին դառնալ հասարակության համար պիտանի քաղաքացի: Այդ է վկայում այս շրջանավարտների առողջ, համերաշխ, հասարակության կողմից հարգված կոլեկտիվը:

Սպասված հանդիպումը մեծ հանդիսավորությամբ իրականացավ հուլիսի 22-ին, որին ներկա էին 44 շրջանավարներից 19-ը: Այս կյանքում իրենց տեղը վաղուց գտած, հասունացած և փոքր-ինչ սպիտակած մազերով նախկին շրջանավարտները մանուկների պես հավաքվել էին դասավանդող ուսուցիչներ Սուսաննա Գաբրիելյանի, Սվետլանա Հարությունյանի և Էդիկ Գաբրիելյանի շուրջը: Հուզմունքը, կարոտն ու վառ հիշողություններն էին պատել բոլորին: Թվում էր, թե երեկ էր, երբ հրաժեշտ էին տվել իրար և խոստացել երբեք չմոռանալ հարազատ դպրոցը և ուսուցիչներին: Դասընկերների հանդիպումն այնքան սրտառուչ էր ու անմիջական, որ ասես մի մեծ համերաշխ ընտանիք էր հավաքվել: Նրանք հիշում էին իրենց դասավանդող բոլոր այն ուսուցիչներին, ովքեր հեռացել են կյանքից, սակայն թողել են իրենց բարի համբավը, ծնողական խրատներն ու խորհուրդները:

Շրջանավարտներն անվերջ կատակում էին, հիշում անցյալը, մտաբերում իրենց չարաճճիությունները, որոնք այնքա՜ն անմեղ էին ու անհոգ: Հիշում էին սիրելի դասղեկ Սուսաննա Գաբրիելյանի չափազանց խստապահանջությունը և գիտակցում, որ դա այն էր, ինչ պետք էր իրենց պատասխանատու և օրինակելի մարդ դառնալու համար:

Հավաքվածները թարմ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին: Այնուհետև այցելեցին պատերազմում զոհված համադասարանցիներ Ազատ Հովսեփյանի, Արտավազդ Հակոբյանի, Սամվել Ապրեսյանի և Արարատ Պետրոսյանի շիրիմներին: Մեկ րոպե լռությամբ հարգելով անվեհեր ընկերների հիշատակը՝ ծաղկեպսակներ դրեցին շիրմաքարերին: Անհնար է նկարագրել այն ցավն ու մորմոքը, որ ապրեցին ներկաները:

Հիշողությունները նորից սլացան դեպի հետ. Ազատի, Սամվելի, Արտավազդի ու Արարատի խոսուն հայացքներում այնքա՜ն չասված խոսքեր կային: Հուշաքարերից տղաները նայում էին մաքուր և ջինջ աչքերով՝ ասես ցանկանում էին ասել. <<Մենք հեռացանք, որ դուք ապրեք ու արարեք մեր արյան գնով ազատագրված այս հողում: Լավ պահպանեք այն և այնպես արեք, որ միշտ ծլի ու ծաղկի մեր Արցախ աշխարհը >>…

Հուզմունքը հազիվ իր մեջ խեղդելով Սուսաննա Գաբրիելյանը սիրով խոսելով իր աշակերտների մասին՝ ասաց. << Այնքան հպարտ ու երջանիկ եմ, որ դուք եղել եք իմ աշակերտները: Անզոր եմ նեկայացնել այն ապրումները, ուրախությունը, որ ունեմ այս պահին: Իրոք, դուք դարձել եք լավ մարդիկ, այս երկրի համար ձեզանից յուրաքանչյուրն իր լուման է ներդրել: Պարծանքով եմ շեշտում, որ դուք ակտիվորեն մասնակցել եք Արցախյան ազատամարտին և այսօր էլ շարունակում եք ծառայել Հայրենիքին: Հպարտ եմ, որ դասարանն ունի Արցախի ՊԲ ծառայող բարձրաստիճան սպաներ, գործարարներ, լավ հայրեր ու մայրեր: Ես դասավանդել եմ նաև ձեր զավակներին, ովքեր ձեր արժանի հետնորդները կդառնան այս կյանքում: Պետք է նշեմ, որ այս հանդիպումը երկար կմնա իմ հիշողության մեջ>>:

Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ Սվետլանա Հարությունյանը, ով մաթեմատիկա էր դասավանդել նրանց, տվեց իր մայրական խորհուրդները: Նա մաղթեց շրջանավարներին միշտ լինել այսպես համախմբված և հավատարիմ միմյանց: <<Հպարտ եմ, որ բոլորդ էլ օրինակելի ընտանիքների տեր եք և մեր պետության համար արժանի քաղաքացիներ>>,- ասաց ուսուցչուհին:

Այնուհետև խումբը ճանապարհվեց դեպի Գանձասարի ՍԲ  Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ մոմեր վառվեցին Արցախ աշխարհի խաղաղության համար:

Ուրախ և գեղեցիկ խրախճանքը, որ կազմակերպեց մոսկվայաբնակ գործարար Արարատ Ազիզբեկյանը, ավելի մեծ շուք հաղորդեց և վերջին շեշտը դրեց օրվա միջոցառմանը:

Հիրավի, հանդիպումը շատ սրտառուչ էր, ոչ ոք չէր ցանկանում բաժանվել: Չէ որ պիտի բաժանվեին մանկության քաղցր ու անմոռանալի հուշերից, իսկ դա շատ դժվար ու հուզիչ էր բոլորի համար: Ընկերներին սոսկ մի միտք էր մխիթարում, որ այս բաժանումը երկար չի լինի: Եվ նրանք բաժանվեցին՝ 40-ամյա տարելիցը նշելու անխախտ մտադրությամբ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ