ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
11.07.2017 20:21

Հայր և որդիներ Մուրադյանների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարն արդեն ավանդական է դարձել Արցախի մարզական կյանքում։ Հերթական հուշամրցաշարը կազմակերպվեց հուլիսի 7-9-ը։ Առաջին անգամ հուշամրցաշարը կազմակերպվեց միջազգային մակարդակով, որին մասնակցում էին ինչպես Արցախի տարբեր շրջաննների մարզիկները, այնպես էլ Հայաստանից և Վրաստանից ժամանած թիմերը։ Առաջնությունն անցկացվեց

երկու տարիքային խմբերով՝ 12 քաշային կարգով։ Մրցաշարին ընդգրկված էր մոտ 160 մարզիկ։ Նկատելի է, որ տարեցտարի ընդլայնվում է հուշամրցաշարի աշխարհագրությունն ու մարզիկները թիվը։

Ինչպես նշեց առաջնության կազմակերպիչ, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Արմեն Մուրադյանը, նման հուշամրցաշար կազմակերպելը նվազագույնն է ինչ կարող է անել սիրելի հոր, հորեղբոր և պապիկի հիշատակի հավերժացման համար։ Նման առաջնությունները նաև հարթակ են հանդիսանում պատանիների շրջանում մարզաձևի զարգացման, տարածման համար։ Իսկ քանի որ ազատ ոճի ըմբշամարտը օլիմպիական մարզաձև է՝  Արմեն Մուրադյանը նաև հույս հայտնեց, որ մի օր օլիմպիական խաղերում կհնչեցվի նաև Արցախի անունը ու կծածանվի նրա հաղթական դրոշը։

ԼՂՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ալիխան Մուրադյանը ազատ ոճի ըմբշամարտի ԼՂՀ բազմակի չեմպիոն էր, սիրված ուսուցիչ, մանկավարժ, սովորեցնելու մեծ վարպետ։ Անգնահատելի է նրա անվանդը Արցախում ըմբշամարտի զարգացման և տարածման գործում։

Ազատ ոճի ըմբշամարտն ավանդական է Մուրադյանների գերդաստանի համար. մինչ Արցախյան ազատամարտը Ալիխան Մուրադյանի որդիները՝  Ալբերտ և Վահրամ Մուրադյանները զբաղվում էին ըմբշամարտով և բավականին լուրջ առաջընթացներ էին գրանցել սիրած մարզաձևում։ Սակայն սկիզբ առած Ղարաբաղյան շարժումն իր հորձանուտի մեջ առավ Ալբերտին և Վահրամին, ովքեր Հայրենիքի պաշտպանության գործը վեր դասեցին ըմբշամարտի գորգից։ Նրանք անցան Արցախյան հերոսամարտի փառավոր ճանապարհը, մասնակցելով բազում մարտերի, ու… ընկան քաջի մահով՝ իրենց կյանքը նվիրելով Հայրենիքի ազատագրման սուրբ գործին։

Այսօր Ալբերտի թոռը՝ կրտսեր Ալբերտն իր առաջին քայլերն է անում ըմբշամարտում, ու ինչպես Ալիխան Մուրադյանն էր սիրում ասել՝ Մուրադյանները նորից գորգի վրա են։

Պատանիներն այս հուշամրցաշարում ձեռք են բերեցին տեխնիկա-տակտիկական նոր որակներ, հնարքներ, որոնք կօգտագործեն հետագա մրցաշարերի ժամանակ։ Այս մրցագորգին վաղվա զինվորներն են կոփվում, նշանակում է այսուհետ ևս հուսալի ձեռքերում է լինելու Հայրենիքի պաշտպանությունը։ Նման հուշամրցաշարերն անհրաժեշտ են, որպեսզի ներկայիս սերունդը կարողանա կարևորել և արժևորել ավագ սերնդի կատարածն ու տեր կանգնի Արցախ աշխարհին։

Հուշամրցաշարի կազմակերպիչները մրցանակային հարթակներ գրաված պատանի մարզիկների համար պատվոգրեր, մեդալներ, հուշամեդալներ, իսկ իրենց քաշային կարգում չեմպիոններ դարձած մարզիկների համար նաև գավաթեր էին պատրաստել։ Առանձին անվանակարգերում հայտնված ըմբիշները ևս արժանացան միջոցառման կազմակերպիչների ուշադրությանը՝ պարգևատրվելով խորհրդանշան հուշանվերներով։

Վերջում  Արմեն Մուրադյանը շնորհակալություն ու երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են հուշամրցաշարի կայացմանը։ Մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին, ԿԳԹ նախարարությանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Շախնումանցին,  §Աթա Վանք Լես¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանին, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանին,  §Բարի երթ¦ ՍՊԸ տնօրեն Վազգեն Հարությունյանին, §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանին։


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ստորև ձեզ ենք ներկայացնում  մրցանակակիրների ցուցակն ու հուշամրցաշարի ֆոտոռեպորտաժը


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ