ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
20.06.2017 16:30

Մարդկությունը մտել է գիտելիքների դարաշրջան: Տարբեր հրապարակումներում տարբեր ձևերով է այն հնչում՝ §Տեղեկատվության դարաշրջան¦, §Թվային դարաշրջան¦, §Ոսկե դարաշրջան¦, §Գիտելիքի դարաշրջան¦ և այլն: Գիտական գրականության մեջ զարգացման նոր ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական արդյունքների ստեղծման և ուսումնասիրման համար օգտագործվում են այսպիսի տերմիններ. §Գիտելիքների հասարակություն¦, §Գիտական հասարակություն¦, §Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն¦, §Գիտելիքի տնտեսություն¦ կամ §Գիտելիքահենք տնտեսություն¦: Զարգացման ներկա ժամանակաշրջանի անունն այնքան էլ էական չէ: Կարևորն այն է, որ ժամանակակից աշխարհում գործում են նոր միտումներ, որոնցից մեկը մրցակցության համակենտրոնացմամբ գիտելիքի վերափոխումն է առանցքային ռեսուրսի՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների և գիտելիքների հիման վրա  ապրանքների և ծառայությունների

ստեղծմանը:

Ներկայումս շատ պետություններ բուռն կերպով զարգացնում են գիտությունն ու կրթությունը, քանի որ տնտեսության հիմնական շարժիչ ուժերն են համարվում գիտությունը, նորագույն տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը:

Հասկանալի է, որ գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու նպատակով չպետք է սահմանափակվել տեղեկատվության լոկ ազատ փոխանցմամբ՝ անհրաժեշտ է տեղեկատվությունը փոխանակել, համեմատել, քննարկել, գնահատել ու մեկնաբանել  այն, որպեսզի յուրաքանչյուրն ի վիճակի լինի տեղեկատվական հոսքերի հիման վրա արտադրել /ստեղծել/ նոր գիտելիքներ:


Գիտելիքահենք տնտեսության հայեցակարգը  բավականին լայն  շրջանակներ ունի: Մինչև որ մարդկությունը իմաստալից չգնահատի տեղեկատվությունը, չվերլուծի, չտարբերակի տեղեկատվությունը և չներառի իրեն հետաքրքրող տարրերը  սեփական գիտելիքների բազայի մեջ, այն հանդես կգա  անորոշ տվյալների զանգվածի տեսքով: Մարդիկ պետք է սովորեն տիրապետել տեղեկատվությանը, որպեսզի հակառակը տեղի չունենա:

Գիտելիքահենք տնտեսությունն իր իսկ աճի ապահովման համար  ստեղծում, տարածում և օգտագործում է գիտելիքներ: Դա տնտեսություն է, որն օգտագործում է  գիտելիքները տարբերակված ձևերով: Այդ տնտեսության շրջանակներում գիտելիքները ստեղծվում են գիտական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի, բարձրորակ կրթության ու ծառայությունների  տեսքով:

Սկսած հին դարերից՝ ցանկացած հասարակություն հիմնվել  է գիտելիքների վրա:  Իսկ այսօր մենք խոսում ենք գիտելիքների վրա հիմնված տնտեսության  մասին՝ գիտելիքների և տեղեկատվության արագ փոխանակման հեղափոխական գործընթացներն ի գիտություն ընդունելով: Այդ փոխանակումը ներգրավում է ավելի ու ավելի շատ մարդկանց, և շուտով գործնականում յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցել  գիտելիքների  մշակման ու կիրառման  և նոր գիտելիքների ստեղծման տեղեկատվական գործընթացներին: Գիտելիքը դիտարկելով որպես տնտեսական ապրանք և կախված դրա որակից,  քանակից ու ճիշտ օգտագործումից ՝ կարելի է ապահովել տնտեսության հետագա զարգացում, այսինքն՝ գիտելիքահենք տնտեսություն ունենալու դեպքում ցանկացած  ոլորտում հնարա-վոր է գիտելիքը եկամտի վերածել:

Գիտելիքահենք տնտեսությունը բնութագրվում է ռիսկերի ավելի բարձր մակարդակով, որոնց հետ առնչվում են այդ տնտեսության սուբյեկտները: Ժամանակակից տնտեսության արագորեն աճող փոփոխությունների ռիթմը հանգեցնում է նրան, որ նոր գիտելիքների առաջացումն ավելի արագ է արժեզրկում ոչ միայն արտադրության նյութական տարրերն ու ակտիվները, այլ նաև անիմաստ է դարձնում արտադրության շատ ոչ նյութական ակտիվները, այդ թվում՝ արտոնագրերը, նոու-հաուն և այլն: Այդ պատճառով էլ արտադրության այդ բաղադրիչներում կատարված ներդրումները  չեն կարող լիովին մարվել /հատուցվել/, որն էլ կարող է հանգեցնել կորուստների:

Տեղեկատվական բաղադրիչը սկսում է գերիշխել ցանկացած արտադրության և բիզնեսի /գործարարության/ մեջ: Տեղեկատվական բաղադրիչի զարգացումը միաժամանակ դառնում է երկրի կամ տարածաշրջանի զարգացման գործոնը, ցուցանիշն ու  արդյունքը: Տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացումը, որը հանդիսանում է նաև գործարարության ենթակառուցվածք, դառնում է գրավչության և գործարար ակտիվության զարգացման գործոն: Համակարգչային տեխնիկան, ցանցերը,  տեխնոլոգիաները, համակարգչային դիզայնն ու  կապի միջոցներն  այսօր հանդես են գալիս որպես ամբողջ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման խթան և գործոն:  Տեղեկատվությունն այսօր դառնում է զարգացման ռեսուրս, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մակարդակը  որոշում է այդ առաջընթացի  տեմպը:

2017թ սեպտեմբերի 2-ին կնշվի Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը: Արցախյան ազատագրական շարժումն ու պետականության կայացումը երկար ու դժվար ուղի է ունեցել՝ պարտադրված պատերազմ, տնտեսական շրջափակում: 2016թ  ապրիլ ամսին հայությունը ևս մեկ ագամ փորձության ենթարկվեց, բայց հայ մարտիկի ու հայ մարդու ոգին աննկուն և անկոտրուն մնաց Քառօրյա պատերազմում: Հայ ժողովուրդը կռվեց և հաղթեց անհավասար պատերազմում: Արցախցիներն ամուր  և մարտունակ բանակի երաշխավորությամբ կառուցեցին ազատ և ինքնիշխան  պետություն ու հասարակություն:  Արցախի կենսունակությանն ու  հզորությանը նպաստել և նպաստում են Հայաստանն ու Սփյուռքը:

Ներկա  դրությամբ  միակ  գիտական  կառույցը Արցախի գիտական կենտրոնն  է, որի  հիմնական  գործունեությունն  ուղղված  է ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ծրագրով նախատեսվող խնդիրների կազմակերպմանը: Ըստ ԱՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ հանրապետությունում գիտության զարգացումն ապահովվում է պետական բյուջեի միջոցներով նախատեսված թեմատիկ ֆինանսավորման ծախսերով, որը 2011թվականին կազմել է 17.0 մլն  դրամ, իսկ 2012 թվականին` 20.5 մլն  դրամ  և  համապատասխանաբար  նշված միջոցներով իրականացվել են 2011 թվականին` 5 և 2012 թվականին` 8 գիտական թեմաներ։ 2013 թվականին գիտական հետազոտությունները շարունակվել են 20.7 մլն դրամ գումարի    չափով՝ 7 գիտական   թեմաների   աշխատանքների գծով, ինչպես նաև՝ ՀՀ համապատասխան գիտական կառույցների հետ համատեղ գիտական  հետազոտությունների իրականացումը։  2013 թվականին ՀՀ գիտության  պետական  կոմիտեի կողմից համատեղ իրականացվող 5 գիտական թեմաների  իրականացման համար հատկացվել  է  3.2  մլն  դրամ։ 2014-2016 թվականներին գիտությանը հատկացվել է 23.9 մլն-ական դրամ։ Ըստ ԱՀ ԱՎԾ տվյալների՝ համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ 2015թ. կազմել է 209345.7 մլն դրամ՝ 2014թ. 188840.3 մլն դրամի դիմաց:  Այսինքն, գիտության վրա հատկացվող ծախսերը 2014-2015թթ-ին կազմել են ՀՆԱ-ի մոտ 0.01 տոկոսը, որը ՀՀ-ի համեմատ քիչ է 25 անգամ:

Ներկայիս պայմաններում անվիճելի է, որ ԱՀ-ում տնտեսության զարգացման հիմքը պետք է գիտելիքն ու  ստեղծագործական ներուժը համարվեն: Պետք է առաջնորդվել տնտեսության մրցունակության բարձրացման, տնտեսական շարունակական աճի ապահովման մեխանիզմներով և գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ:  Այդ  ուղղությամբ կատարվում են ծավալուն աշխատանքներ, կլինեն զգալի արդյունքներ, իսկ առավելագույնին հասնելու համար պետք է օգտագործվի մեր գիտական բավականաչափ ներուժը:

Աշխարհաքաղաքական բարդ խնդիրներ ունեցող Արցախի համար գիտության զարգացումը կենսական նշանակություն ունի: Ցանկացած երկրում ամենակարևորն ու արժեքավորը պետք է մարդկային ռեսուրսը համարվի, առավել ևս՝ սահմանափակ ռեսուրսներով հանրապետությունում: Մարդկային կապիտալի զարգացումը վճռորոշ դեր կարող է խաղալ երիտասարդ հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար: Դրան ոչ ճիշտ մոտեցումը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ կադրերի արտագաղթին, որոնք կարող էին երկրի համար նյութական բարիքներ ստեղծել, բայց ընդունակությունների կիրառման հնարավորություն չգտնելով, հեռանում են՝ արտերկրում կայանալու համար:

Ունենալով մեծ ազդեցություն և հանդիսանալով տնտեսության շարժիչ ուժ, հանդես գալով որպես յուրօրինակ ուժ հասարակության զարգացման և կայունացման գործում ՝ գիտությունը կարող է զգալիորեն մեծացնել տնտեսության զարգացման ներուժն ու ապահովել տնտեսական աճը: Հետզհետե  հասարակությունը պետք է վերափոխվի գիտելիքի հասարակության, որտեղ գիտելիքը կլինի հիմնական շարժիչ ուժը, իսկ գիտելիքային աշխատողները կլինեն աշխատուժի գերակշռող մասը:  Ա. Մարշալն այսպես է բնութագրել կապիտալը. §Կապիտալի նշանակալի մասը կազմում են գիտելիքներն ու կազմակերպությունները…¦:

Գիտելիքահենք տնտեսությունը ենթադրում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության կազմակերպում և ընդունվում որպես երկարաժամկետ կայուն զարգացման ուղղորդիչ վեկտոր, որի առանցքային գործոնները  գաղափարներն են ու դրանց կյանքի կոչելը: Դրան հասնելու նպատակով անհրաժեշտ են որոշակի քայլեր:

Գիտության մեջ խորացող անձին աջակցություն ապահովելով՝ ապագայի համար շատ կարևոր նախադրյալ ենք ապահովում, որի հատուցումը երկար սպասեցնել չի տա: Կառավարությունը ԲՈՒՀ-ից պետք է սպասելիքներ ունենա պետպատվերների տեսքով, իսկ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմն էլ իր հերթին պետք է գիտակցի ներուժը դրսևորելու անհրաժեշտությունն ու պարտավորությունը:  Գիտնականներից, գիտաշխատողներից, հմուտ և բանիմաց մասնագետներից  ստեղծելով խորհրդատվական առաքելությամբ հասարակական խորհուրդ՝ հնարավորություն է ստեղծվում օգնել իշխանություններին ի մի բերելու վերոնշյալը և համատեղ ուժերով լուծել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն ու նախանշել  զարգացման հեռանկարները:

Մարդկային կապիտալի զարգացման ու գիտության ներուժի, նոր մտածելակերպի, զարգացած կրթության և գիտության շնորհիվ հնարավոր է ունենալ մրցունակ և զարգացող տնտեսություն և շարժվել շուկայի ժամանակակից պայմաններին և թելադրանքին համահունչ՝ հանրապետության բնակչության համար բարձր կենսամակարդակ ապահովելով:

Հիշարժան են անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ Ֆրենսիս Բեկոնի թևավոր խոսքերը. §Ապագան պատկանում է նրանց, ովքեր աշխատում են ոչ թե ձեռքերով, այլ՝ գլխով /ուղեղով/¦:

ՏԻԳՐԱՆ  ՀԱԿՈԲՅԱՆ, 

տնտեսագիտության թեկնածու, իրավաբան