ԳՐԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ
19.06.2017 22:41

Հունիսի 11-ին լրացավ Արցախի մեծանուն բանաստեղծներից մեկի՝ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 90-ամյակը։ Ասկերանի Գ. Գաբրիելյանի անունը կրող կենտրոնական գրադարանը հունիսի 14-ին՝ Գուրգեն Գաբրիելյանի հարազատների, գրչակից ընկերների և Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի,  հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպեց գրական գեղարվեստական հուշ-ցերեկույթ՝ նվիրված անվանի գրողի, հասարակական

գործչի ու արցախյան ազատամարտի առաջամարտիկի ծննդյան հոբելյանի առթիվ։

Ողջունելով ներկաներին միջոցառման հաղորդավարներ Նինել Գաբրիելյանն ու Սասուն Սարդարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հոբելյարի կյանքն ու գործունեությունը, նրա թողած հարուստ ժառանգությունը։ Գուրգեն Գաբրիելյանը դեռևս կենդանության օրոք ժողովրդականություն էր վայելում, ինչը յուրաքանչյուր արվեստագետի համար մեծագույն երջանություն է։ Նա  մեծություն էր, հեղինակություն, գրական օջախի նահապետ։   Այսօր իսկական բանաստեղծը, հրաշալի մանկագիրը մեզ հետ չէ միայն ֆիզիկապես։ Նրա արարող ոգին ճախրում է հոգևոր Արցախի երկնակամարում։

Ասում են իսկական բանաստեղծն ապրում է մահվանից հետո։ Եվ գուցե հենց սա է հարատևության գաղտնիքը՝ ապրել բոլորի հետ, բոլորի ուրախությունն ու ցավը զգալ և անմահանալ մարդկանց հուշերում։ Նա Արցախի արվեստի պատմության մեջ բառացիկ անհատականություն էր, անկրկնելի պոետ, ով հայ մանկագրության մեջ մնաց որպես հզոր կաղնի։ Այսօր էլ հայ մանուկը մեծանում է նրա անկրկնելի երգն ու տաղը շուրթերին։

Գուրգեն Գաբրիելյանի գրիչը որոնող էր և բազմաբովանդակ։ Նրա ամեն մի ստեղծագործություն մի ուրույն աշխարհ է։ Ծնվել է 1927թ. հունիսի 11-ին, Ասկերանի շրջանի Խանցք գյուղում։ 1949թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, իսկ 1954-ին` Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1949-ից մոտ մեկ տասնյակ տարի հայոց լեզու և գրականություն է դասավանդել ԼՂՀ մի շարք գյուղական դպրոցներում: Այնուհետև աշխատել է մշակութային հաստատություններում, §Սովետական Ղարաբաղ¦ թերթում: 1983թ. §Երգող ծառը¦ մանկական ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության, իսկ 1999-ին §Ուրախ հայերեն¦ ժողովածուի համար` պետական մրցանակի: Քսանից ավելի ժողովածուների հեղինակ է: Նրա գրքերը լույս են տեսել ԱՊՀ մի շարք երկրների լեզուներով:  Գուրգեն Գաբրիելյանը մանկական պոեզիա բերեց ուրախ և միայն նրան խորհրդանշական մի աշխարհ` իր անկրկնելի գույներով, իր համառ, աշխատանքի գինն իմացող, իր հողին ու ջրին արմատներով կապված մարդկանցով, որոնց՝ զարթոնքի տարիների, համառությունն ու պայքարի ոգին խոնարհումի է արժանի: Ի՞նչը կարող է մտահոգիչ լինել հարևան հանրապետության բացահայտ ու թաքնված թշնամական մթնոլորտում ստեղծագործող հայ մանկագիր բանաստեղծի համար: Իհարկե, հայ երեխաների մեջ ազգային ոգու, ազգային մտածողության պահպանումը։Այս առումով ուշագրավ են նրա §Այբուբենը երգերի մեջ¦, §Ակունքներ¦, §Մանկատաղեր¦, §Ուրախ հայերեն¦, §Արցախյան նվագարան¦ ժողովածուները:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները, Ասկերանի ՀԱԸ մանկապարտեզի, արվեստի դպրոցի և ՄՊՍ կենտրոնի սաները, ովքեր Գաբո ապոր բանաստեղծությունների գեղեցիկ արտասանություններով, թատրոնի և պարի բեմադրությամբ հաճելի պահեր պարգևեցեին հանդիսականներին։ Գուրգեն Գաբրիելյանի սիրված երգերը բարձր վարպետությամբ հանդիսականին ներկայացրեցին §Բերդ¦ ժողգործիքների համույթի մենակատարներ Հերմինե Խաչատրյանը, Ռադիկ Մանասյանը և Սասուն Սարդարյանը։

-Այսօր անվերջ կարելի է խոսել  Գուրգեն Գաբրիելյանի մասին, մի մարդու, ով առանց Արցախ աշխարհի ու հայ մանուկի կյանք չուներ։ Նա այն բանաստեղծն էր, որը Հայրենիքի հանդեպ ունեցել է անսահման ծառայություն, նա այն երգիչ -երգահանն էր, ով առանց երգի կյանք չուներ։ Երազում էր մահանալ §Հորովելը¦ շուրթերին, բայց նա կյանքից հեռացավ այբուբենի Ա տառը շուրթերին,- ասաց Գուրգեն Գաբրիելյանի այրին՝ Նունիկ Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով  միջոցառման կազմակերպիչներին՝ մեծանուն բանաստեղծի, մանկագրի, երգահանի, ղարաբաղի դարդ ու ցավով տառապող անհատի 90-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելու համար։

Ասկերանի արհմիությունների կողմից Գ. Գաբրիելյանի այրի Նունիկ Գաբրիելյանին նվեր հանձնվեց։

Գուրգեն Գաբրիելյանը դեռևս կենդանության օրոք ասել էր. §Եթե մի օր լսեք, որ ես մահացել եմ, չհավատաք, կգնաք, կշրջեք Արցախ աշխարհով մեկ և դուք ինձ կտեսնեք յուրաքանչյուր հայ մանկան սրտի զարկի մեջ, արցախցի գեղջուկի ցավի ու հույսի մեջ, հայ զինվորի համբերության ու հուսավառ հավատի մեջ, հայրենի հողիս տաք շնչի մեջ, Արցախի երկնակամարիս անմար գույների մեջ…¦£ Եվ իսկապես իսկական մտավորականն ու ազգին նվիրյալը բոլորիս սրտներում թողեց անթեղված կրակ՝ լուսավորելով արցախցիներիս գալիքը հոգու ցավից ծնված լույսով։ Նա իր ողջ կյանքով ու գործունեությամբ նվիրված է եղել Արցախին ու արցախցուն, ով կանգնեց Արցախյան շարժման շարքերում՝ իր ազնիվ ձայնը միացնելով բազմահազար հայրենակիցների ձայնին։ Ու տարիների հեռվից  այսօր նրան ճանաչողները կարող են ասել, որ ինքը հենց Արցախն է որ կա, նրա նվիրյալ երգիչը, համեստ մշակն ու ոգեղեն ջահը, ով օգնել է արցախցուն ապրել իր բանաստեղծությամբ, իր երգերով, իր անզուգական §Հորովել¦-ով։ Նա այն անհատականություններից էր, ով ապացուցեց, որ Հայրենիքը զուտ խոսքով չեն սիրում, այլև այդ հողը պաշտպանող մարդուն թիկունք դառնալով։

Գուրգեն Գաբրիելյան գրչակից և ավագ ընկերոջ մասին Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը կարող է անվերջ խոսել, քանզի նրա տաղանդի պես անսպառ են հիշողությունները Գաբո ապոր մասին։

- Գուրգեն Գաբրիելյանն անմահ է, նա այս հող ու ջրից սնված հարճարն է։ Արվեստի բոլոր բնագավառում նա բացառիկ ու եզակի էր, թե՛ որպես  մանկագիր, թե՛ որպես նկարիչ, երգահան, բանաստեղծ ու թատերագիր նաև։ Ժողորդից սերված մեծ արվեստագետը միշտ իր ժողովրդի կողքին էր, և ինչպես տեսնում եք նա անմահ է։ Գաբո ապերն արվեստի բոլոր բնագավառներում բացառիկ ու  անկրկնելի է։ Նրա §Հորովելը¦ համաշխարհային գրականության անզուգական գլուխգործոց է, Գուրգեն Գաբրիելյանի ստորագրությունը։ Այսօրվա միջոցառմամբ սկսվել է Գուրգեն Գաբրիելանի ծննդյան հոբելյանի միջացառումների շարքը ու ընթացքը հիշարժան է լինելու։ Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մեծ ղարաբաղցուն նվիրված հուշահամալիր, իսկ հարազատ ծննդավայր՝ Խանցքում գրողի տունը կվերածվի թանգարանի՝ որը կկրի §Հեքիաթի տուն¦ անվանումը։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում կենտրոնական գրադարանի աշխատակազմին՝ մեծ արցախցու 90-ամյա հոբելյանի գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համարը,- ասաց Վ. Հակոբյանը։

Գեղեցիկ ու սքանչելի է Արցախ աշխարհը, և Գ. Գաբրիելյանի բանաստեղծություններով այն հայ մանուկներին ներկայացվում է ներկապնակի ողջ շռայլությամբ։ Իսկ արցախյան խորհրդանիշները` Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Մռովը, Քիրսը, Կարկառն ու  Շուշին ուժ ու զորություն են տալիս արցախցուն ու հաստատում նրա հավեժության առասպելը: Եվ Գուրգեն Գաբրիելյանի նման բանաստեղծների շնորհիվ է նաև, որ մատաղ սերունդը չի կտրվել ազգային ակունքներից, այլև հայ է մնացել լեզվով և մտածողությամբ: Չնայած մեկ տասյակից ավելի տարիներ են անցել, ինչ Գուրգեն Գաբրիլեյանը կնքել է իր մահկանացուն, բայց մանուկների շուրթերին հնչում և կհնչեն արցախյան բարբառով գրված նրա երգերն ու բանաստեղծությունները։

Միջոցառման ողջ ընթացքում մեծ ղարաբաղցին խոսում էր յուրաքանչյուրիս սրտում, մտքում և մեզ կտակած հարուստ ժառանգությունը պահելու, պահպանելու և մատաղ սերնդին փոխանցելու պարտք ունի մեզնից յուրաքանչյուրը։ Այս առումով մեծ ու շնորհակալ գործ է կատարում Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ