ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆՄԱՐ Է
12.06.2017 17:34

Արցախյան ազատամարտի տարիներին Ասկերանն իր ռազմավարական դիրքով լինելով Արցախի դարպասներից մեկը մշտապես գտնվել է թշնամու նշանառության տակ, և բազմիցս ենթարկվել ագրեսիայի։ Ասկերանն իր սահմանամերձ բնակավայրերով յուրահատուկ դեր են ստանձնել ԼՂ Հանրապետության արևելյան բնագծերի պաշտպանության ուղղությամբ։    Հունիսի 12-ը արցախյան ազատամարտի պատմության տարեգրության մեջ ու ազատամարտի վետերանների հիշողություններում մնացել է որպես ցավի ու կսկիծի օր։ 1992 և 1993 թվականներին այդ օրը Ասկերանի վաշտն անդառնալի կորուստներ ունեցավ։  1992թ. հունիսի 12-ին թշնամին Ասկերանի, Մարտակերտի և Շահումյանի շրջանների ուղղությամբ լայնածավալ հարձակում էր ձեռնարկել։ Ասկերանի ճակատում թշնամին հարձակվեց երեք ուղղություններով՝ Ասկերան, Խնապատ և Նախիջևանիկ, որին նախորդեց ինտենսիվ հրթիռահրետակոծություն՝ կրակի տակ պահելով Խոջալու-Ասկերան ճանապարհը՝ օգնության հասցնելու ցանկացած փորձ խափանելու նպատակով։ Անհավասար մարտում թշնամուն հաջողվեց գրավել Նախիջևանիկ, Արանզամին, Դահրազ, Վարդաձոր և Սառնաբյուր գյուղերը։ Այնուամենայնիվ, մեր քաջարի մարտիկներին փոքրաթիվ ուժերով հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Եղան անդառնալի կորուստներ, սակայն Ասկերանն այլևս անառիկ ամրոց էր, ու թշնամու ցանկացած ոտնձգության փառքով դիմագրող անսասան դարպաս։

Հունիսի 12-ին Ասկերանի Արցախյան ազատամարտի վետերանները՝ միության նախագահ Ս. Աղաջանյանի հետ կրկին այն վայրում էին, որտեղ ծավալվել էին 1992 և 1993 թվականների հունիսի 12-ին ռազմական գործողությունները։ Հիշատակի և խոնարհումի միջոցառմանը մասնակցում էին նաև շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Ա. Մելքումյանը, ԱԱԾՎ պետ Ի. Հարությունյանը, Ոստիկանության շրջբաժնի պետ Ա. Գասպարյանը։

Նպատակը մեկն էր՝ հիշել իրենց ազատամարտիկ-ընկերներին, ովքեր իրենց կյանքը վեր են դասել հանուն Հայրենիքի ազատ ու խաղաղ վաղա օրվան։ Ներկաների հետ իրենց սրտի խոսքով ու հիշողություններով կիսվեցին Արցախյան շարժման ակտիվիստ Ս. Առուշանյանը և Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վ. Գաբրիելյանը։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմահացած մարտական ընկերների հիշատակին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ