ՁԵԶ` ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
12.06.2017 17:25

Միայն մաքուր խղճով և մտքերով կարող է պարապողը հասկանա իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը։ Կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ։ Դրա տակ հասկացվում է այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը։ Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են

իրենց հարգանքից։

Կարատե-դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը։

Ավանդական Կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը։ Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները։

2014 թվականից Ասկերանի շրջանում գործում է ԱՀ ազգային ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի մասնաճյուղ: Գործում են խմբեր Ասկերան, Խնապատ և Իվանյան համայնքներում, ընդգրկված են 53 մարզիկներ: Շուրջ երեք տարի է, ինչ նրանց հետ աշխատում է 3-րդ դան սև գոտի աստիճանավորում ստացած մարզիչ՝ Տիգրան Արամի Գևորգյանը: Երիտասարդ մարզիչը երեք տարեկանից գտնվում է մարզադահլիճում իր մարզիչի՝ Արամ Գևորգյանի գլխավորությամբ: Վեց տարեկան էր, երբ ստացավ իր առաջին սպիտակ գոտին և այն հանդիսացավ առաջին քայլը դեպի կարատե: Տիգրան Գևորգյանը ՀՀ բազմակի չեմպիոն և մրցանակակիր է: 2009 թվականից մասնակցում է Եվրոպայի աշխարհի առաջնությանը: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության մրցույթում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղ՝ կատա մարզաձևով և երկրորդ տեղ՝ թիմային կումիտե մարզաձևով:

2017 թվականի հունիսի 2-ին կայացած Սև ծովի միջազգային առաջնությանն զբաղեցրել է 3-րդ տեղ՝ կատա մարզաձևով:

<< 2014 թվականից Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի աջակցությամբ և հովանավորությամբ է Ասկերանում գործում է խումբը: Պարապմունքներն անց ենք կացնում շաբաթվա վեց օրը: Այս երեք տարիների ընթացքում ունեցել ենք բազում հաջողություններ՝ Արցախի առաջնություններում զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր:

Ապրիլի 30-ին Ասկերան քաղաքում կայացել է բաց առաջնություն, որին մասնակցել են 110 մասնակիցներ: 40-ը Ասկերանի շրջանի մարզիկներն էին, իսկ մնացածը՝ Ստեփանակերտից: Այդ առաջնությունում Ասկերանի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր: Այս մրցույթը կդառնա ավանդույթ և հետագայում շարունակական բնույթ կկրի: Ես իմ մարզիկների մեջ տեսնում եմ պատասխանատվության մեծ զգացմունք, սեր դեպի այս մարզաձևը: Համոզված եմ, որ նրանցից շատերը կկարողանան հանդես գալ աշխարհի տարբեր տեղերում և ձեռք բերել հաջողություններ:

Հուլիս ամսում կայանալու է ԱՀ բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաև ՀՀ-ից եկող մարզիկներ: Առաջնությանը մասնակցելու եմ մեր լավագույն մարզիկները: Մրցույթն անց է կացվելու ըստ տարիքային և գոտու խմբերի:

Ավելացնեմ, որ տարին մեկ անգամ ՀՀ ավանդական կարատե-դո ֆեդերացիան հրավիրում է աշխարհի ազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկուն, ով անց է կացնում  սեմինար պարապմունքներ, տալիս է համապատասխան գիտելիքներ, իսկ մենք մեր յուրացրածը հաղորդում ենք մարզիկներին>>,- նշեց Տիգրան Գևորգյանը:

Մարզիչը երեխաների հետ ամեն օր աշխատում է նաև իր վրա: Մարզիկների հետ հավասար մարզվում և մասնակցում է մրցաշարերի: Երիտասարդ մարզիչն այսօր պատրաստվում է մասնակցել նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը կկազմակերպվի Ռումինիայում: Իսկ դեկտեմբերին նախատեսում է մասնակցել Պարսկաստանում կայացող միջազգային բաց առաջնությանը:

Մեր զրույցի վերջում մարզիչն ասաց.

- Ես իմ մարզիկներին միշտ ասում եմ, որ Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում։

Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը:

Դե ինչ, մեզ մնում է մաղթել Տիգրան Գևորգյանին և իր մարզիկներին նորանոր հաջողություններ ու փայլուն հաղթանակներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ