ԱՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
31.05.2017 10:29

Հանրապետությունում շուտով կսկսվեն բերքավահավաքի աշխատանքները։  Օրեր անց արդեն առաջին կոմբայնները դաշտ կմտնեն, իսկ հողագործներին մտահոգող բազմաթիվ խնդիրներ կան։

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն Ասկերանում հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն։ Նպատակը՝ բերքահավաքի աշխատանքներին  պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և հավանական խոչընդոտների ու արգելքների մասին մտահոգություններով կիսվելն ու լուծումներ գտնելն էր, ինչպես նաև բերքի մթերման գների սահմանումը։ Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԳԳԱ հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ։

Մինչ խորհրդակցության բուն թեմային անցնելը ԱՀ վարչապետը Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Արմավիր Գալստյանին ծննդյան  70-ամյակի կապակցությամբ պարգևատրեց վարչապետի հուշամեդալով։

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս պետությունը կանգնած է հողի մշակի կողքին։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետությունը միշտ կաջակցի հողագործներին, և փուլ առ փուլ կանխելով հնարավոր դժվարությունները՝ իր խոսքը կասի նաև մթերվող բերքի գների հարցում՝ այդպիսով հանրապետությունում կանխելով գնային շահարկումը։

Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հանրապետությունում կատարվել է մոտ 20000 հա գարու և 33000 հա ցորենի ցանք։

ԳԳԱ հիմնադրամի տնօրենի խոսքերով գարու մթերման գինը սահմանվել է 85 դրամ, իսկ հիմնադրամի հանդեպ պարտավորություն ունեցող քաղաքացիներից այն կմթերվի 95 դրամով։ Ցորենի մթերման գինը համապատասխանաբար՝ 95 դրամ և 105 դրամ է սահմանվել։

-Ինչպես և նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետությունում կրկին կգործի ԳԳԱ հիմնադրամի կողմից վարձակալած պահեստը, որտեղ բերքը կպահեստավորվի արդեն 15 դրամով ավել, քան Արցախում։

Պարենային ցորենն Արցախում կիրացվի ալրաղացների միջոցով։ Ինչպես նշեց Աշոտ Բախշիյանը, այն կմթերվի 105-120 դրամով՝ կախված ցորենի սոսնձայնությունից։

Գյուղոլորտի պատասխանատուները համոզմունք հայտնեցին, որ մեքենաների առումով խնդիրներ չեն լինելու, քանզի մասնավոր հատվածը՝ մեքենաների սեփականատերերը, ակտիվությամբ են մասնակցում բերքը դաշտից պահեստներ տեղափոխելու գործընթացին։ Չնայած այս ամենին, ԳԳԱ հիմնադրամը պատրաստակամ է այս հարցում ևս աջակցելու, բերքը ժամանակին և անկորուստ հավաքելու համար։

- Շրջանների վարչակազմերի ղեկավարները պետք է բոլոր խնդիրները կարգավորեն մինչև բերքավաքի սկսելը՝ մեքենաների, պահեստների, հակահրդեհային միջոցառումների հարցերը պետք է լուծվեն նախքան բերքահավաքը,- ասաց վարչապետը։

Խորհրդակցության ընթացքում հստակեցվեցին հացահատիկային կուլտուրաների մթերման գներն ու բերքի ամբարման պահեստների առկայության խնդիրները։  Արցախում բերքը կմթերվի Ասկերանում, Շուշիիում, Մարտունիում գործող պահեստներում, իսկ Երևանում՝ ԳԳԱ հիմնադրամի կողմից վարձակալած պահեստում։ Նշված պահեստներում այժմ մաքրման աշխատանքներ են ընթանում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ