ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
31.05.2017 10:15

Մայիսի 26-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը: Հնչեց երկար ու զիլ, հնչեց՝ արթնացնելով անմեղ ու ջերմ հուշեր, կարոտ ու սեր…

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր:

Դպրոցի 11 շրջանավարտներ հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին և պատրաստվում մտնել նոր կյանք, որը նրանց համար պայքար և ինքնահաստատում է լինելու:

Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը.

-Այսօր մեր կրթօջախը թողարկում է իր 64-րդ թողարկման շրջանավարտներին: Շրջանավարտներ, ովքեր, իրավմամբ, տարբերվում են իրենց դաստիարակությամբ և մարդկային կեցվածքով: Շրջանավարտներ, որոնց համար գիտելիքը միշտ էլ եղել է առաջնային ու գերակա: Շրջանավարտներից 5-ն ուսումն ավարտում են գերազանց գնահատականներով: Եթե մինչև հիմա մեր մեջ, գեթ մի վայրկյան երկմտանք է եղել, թե ինչպիսին կլինի մեր ապագան, ապա այսօր կարող ենք անավարան ասել. մենք կունենանք փայլուն և լուսավոր ապագա, քանի որ ունենք հիանալի սերունդ՝ լցված հայրենասիրությամբ և վեհ գաղափարներով:

Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը՝ փոխանցելով Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի օրհնությունը: Նա շրջանավարտներին հաջողություններ մաղթելով նոր կյանքում՝ հորդորեց երբեք չմոռանալ դպրոցի հետ կապված հուշերը, սիրելի ուսուցիչներին և նրանց կողմից ստացած դասերը:

Դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի ելույթը լի էր վստահությամբ.

-Անշուշտ, շրջանավարտների համար այս օրը հիշարժան է և յուրահատուկ: Նրանք հրաժեշտ են տալիս մի օջախի, որի հետ են կապված նրանց մանկության լավագույն տարիները: Այսօր մի նոր էջ է բացվում նրանց կյանքում և դպրոցական վերջին զանգի ղողանջներն ուղեկցելու են կյանքի ամեն մի փուլում՝ ազդարարելով հերթական շրջադարձի մասին:

Ես ցանկանում եմ ձեզ խաղաղ կյանք, ստեղծագործ առօրյա: Դառնաք լավ մարդիկ, հմուտ մասնագետներ և մասնակցեք մեր երկրի բարգավաճմանը, չէ որ մեզ լավ մասնագետներ են պետք:Թող կյանքի դռները լայնորեն բացվեն ձեր առաջ՝ վառելով միայն կանաչ լույսեր երազանքներիդ ընդառաջ: Մաղթում եմ ուժ, եռանդ, ջանասիրություն, բաղձալիին հասնելու կատարյալ և հպարտ ձգտում, անհասանելին հասանելի դարձնելու անհագ ցանկություն , կյանքին և Արցախ աշխարհին պիտանի մարդ, հպարտ քաղաքացի դառնալու վճռականություն:

Դպրոցական վերջին զանգը հնչեցնելու իրավունքը տրվեց շրջանավարտ Հասմիկ Հակոբյանին և նախապատրաստական խմբի սան Միլենա Միրզոյանին:

Շրջանավարտների սրտի խոսքը լեցուն էր երախտագիտությամբ և սիրով: Նրանց ասմունքը, երգն ու պարը անզուգական էին, իսկ նախապատրաստական խմբի սաների հանդեսն ավելի կատարյալ էր դարձնում միջոցառումը:

Շրջանավարտները մեծարում և հարգանքի խոսքեր էին հղում սիրելի ուսուցիչներին, ովքեր նվիրվել էին իրենց անմնացորդ սիրով: Հենց ուսուցիչներն էին իրենց մեջ սերմանել սեր դեպի լավն ու բարին, դեպի գիտելիքի անեզր աշխարհը: Ուսուցիչները նրանց տվել են այնպիսի հզոր թևեր, որոնց շնորհիվ կարող են սավառնել ցանկացած բարձունքում:

Ասում են, այս դասարանը դպրոցի ամենահաջողակ, ամենահեզ և լավագույն ճանաչված դասարանն է: Պարզապես, այլ կերպ հնարավոր չէր լինել: Չէ որ դասարանը ղեկավարում է դպրոցի փորձառու, բոլոր սերունդների կողմից սիրված ու հարգված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մագուրա Հարությունյանը: Մայրական ջերմությամբ լցված՝ նա իր սաներին թևի տակ առել, պահել ու փայփայել է 8 տարի: Եղել է նրանց ճիշտ խորհրդատուն և հավատարիմ ընկերը:

Շրջանավարտների դասղեկի խոսքը հուզմունքով էր պատված.

-Ես այն երջանիկ ուսուցիչներից եմ, ում բախտ է վիճակվել դասավանդել այս շրջանավարտներին և լինել նրանց դասղեկը: Միշտ էլ հաճույքով եմ մտել դասարան, սիրով ու հիացմունքով եմ խոսել նրանց մասին, ուրախացել և հպարտացել եմ նրանց հաջողություններով:

Այսօր դուք ունեք այնքան հնարավորություն և կարողություն, որ ձեր ուսումը կշարունակեք բարձրագույն ուսումնական հաստատություններում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատասիրությամբ կհասնի իր նպատակին և դուք կդառնաք լավ մասնագետներ: Վստահ եմ նաև, որ դուք լավ մարդ կլինեք և միահամուռ ուժերով կկերտենք մեր նորանկախ երկրի լուսավոր ապագան, կզորացնենք ու կշենացնենք մեր երազած Արցախ աշխարհը:

Հարթ ու վարդերով զարդարված ճանապարհ եմ մաղթում, թող միշտ անուշաբույր ծաղիկներ բուսնեն ձեր ճանապարհին: Ապագայի նկատմամբ լցվեք հավատով ու լավատեսությամբ և միշտ բարի հայացքով նայեք աշխարհին ու մարդկանց: Երբեք չմոռանաք հարազատ դպրոցը և ուսուցիչներին, ամուր կպահեք դպրոցական հիշողություններն ու կապը ձեր ընկերների հետ:

Գիտության բանալին իրենց հանձնելու և ողջ էությամբ նվիրվելու համար շրջանավարտները երախտագիտություն հայտնեցին դասվար Զարինե Հարությունյանին: Նրանք լավ են հիշում դասվարի տված խորհուրդներն ու խրատները: Չէին մոռանում, թե ինչպես էր նա հպարտանում իրենցով: Չէ որ յուրաքանչյուր մանկավարժական խորհրդի նիստում նա նստում էր գոհ և գլուխը բարձր՝ համոզված լինելով, որ իր աշակերտների ցուցանիշները լինելու են լավագույնից լավագույնը:

<< Այսօր ավարտվեց ձեր դպրոցական կյանքի հեքիաթը, ուր միայն բարին էր թևածում, ուր պայծառ ու վառ գույներով գրված էր ձեր մանկությունը: Որքան խինդով լի օրեր և անմոռանալի հուշեր եք թողնում այստեղ: Համոզված եմ, այդ հիշողությունները ձեր մեջ կմնան որպես կյանքի ամենալավ և հուզումնալից պահեր:

Ուր էլ գնաք, չմոռանաք ձեզ անմանցորդ նվիրված ուսուցիչներին, ովքեր ձեզ տվել են անսահման սեր, հոգու ջերմություն, գիտելիք: Գիտեմ, դպրոցում ամբարած գիտելիքներն ու հայեցի դաստիարակությունը կծառայեցնեք մեր երկրի հզորացմանը: Թող ձեր կյանքի նավը լողա հանդարտ ծովում, իսկ եթե ալեկոծվի, ապա միայն գլխապտույտ հաջողությունների ժամանակ: Միշտ լինեք այդպես կազմակերպված, համախմբված և գեղեցիկ: Ունկնդիր լինեք ձեր ծնողների և ուսուցիչների խրատներին: Քայլեք հպարտ ու վստահ, քանզի ունեք դրա իրավունքը>>,-ասաց շրջանավարտների դասվարը:

Ազդեցիկ էր Ն զորամասի զինվորի երգն ու նվագը, որ նա նվիրեց շրջանավարտներին: Երջանիկ պահերն ու հպարտության զգացմունքները միահյուսվել էին իրար: Շրջանավարտները հպարտանում և գնահատում էին հայ զինվորին, որ նրա շնորհիվ ունեն ուսման և մասնագիտացման համար խաղաղ պայմաններ:

Շրջանավարտները բուրումնավետ և հիասքանչ ծաղիկներով պատվեցին դպրոցի թոշակառու և դասավանդող ուսուցիչներին ու ծնողներին՝ խոստանալով միշտ բարձր պահել նրանց անունն ու պատիվը:

Օրվա հերոսներին շնորհավորելու էին եկել նաև 10 տարի առաջ դպրոցն ավարտած և արդեն կյանքում իրենց տեղը գտած շրջանավարտները:

Շրջանավարտներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և հարազատ դպրոցը պատկերող նկար հանձնեց նրանց, իսկ օրեր առաջ նա Երուսաղեմից բերված և օրհնված վզնոցներ էր նվիրել աշակերտներին: Շրջվարչակազմի ղեկավարը պատվոգրերով պարգևատրեց դպրոցի ուսուցիչներ Էրիկ Ապրեսյանին, Շուշան Ավանեսյանին և Սիլվա Ջհանգիրյանին:

Օրը լի էր հաճելի անակնկալներով: Շրջանավարտներն անչափ ուրախացան, երբ բարերարներ Սասուն Բարսեղյանի և Արարատ Խաչատրյանի կողմից ստացան դրամական պարգևներ: Խանդավառված պատանիները խաղաղության աղավնիներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք, որոնց ճախրանքն ազատության ու անկախության հպարտ թռիչք և օրվա հերոսների իղձերի իրականացում էր ավետում:

Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը պատվոգրերով պարգևատրեց շրջանային և հանրապետական մրցույթներում կրթության, մշակութային և սպորտի բնագավառներում մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ աշակերտների, ինչպես նաև մի շարք ուսուցիչների:

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ շրջանավարտներ: Թող ձեր առջև բացվեն միայն լուսավոր ուղիներ և դուք դառնաք մեր երկրի համար արժանավոր զավակներ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ